Բառագործածության սխալներն իմ շրջապատում, սոցիալական մեդիայում

Իմ շրջապատում ՝ առօրյայում, հանդիպող սխալները
Իմ շրջապատում հանդիպում են, ինչպես բառագործոածության, բառաձևի, այնպես էլ օտարաբանության հետևանքով առաջացած սխալներ (այլ լեզուներից մայրենի լեզու ներթափանցած այնպիսի բառեր, դարձվածքներ, արտահայտություններ, շարահյուսական կառույցներ են, որոնց օտարամուտ լինելը կա՛մ գիտակցվում է խոսող հասարակության կողմից, կա՛մ չգիտակցվելու դեպքում դրանց համարժեքներն առկա են հայերենում):
Կարծում եմ մեզնից շատերը ոչ միայն լսել են այդ օտարաբանության հետևանքով առաջացած բառերը, այլ նաև օգտագործում են դրանցից շատերը (սմետան,պուլտ, կուրտկա և այլն):

Բառագործածության սխալներ
Բառագործածության սխալները բառի իմաստը չհասկանալու կամ ստույգ չիմանալու հետևանքն է։ Սխալի պատճառ կարող է հանդիսանալ այն , որ բառերը քիչ են գործածածվում, ինչպես, օրինակ տամուկ «խոնավ, թաց» կամ սինլքոր «ստոր, տականք» բառերը, որոնք պարզապես պիտի սերտել։ Բառեր էլ կան, որ հաճախակի ենք գործածում, բայց , պարզվում է, դրանց սխալ իմաստ ենք վերագրում։ Ինչպես՝ մեղանչելը, որ շատերը շփոթում են մեղա գալ կամ մեղքը քավել բառերի հետ։

Դիտարկենք բառագործակծության սխալների մի քանի օրինակ.
Ազատել-ազատագրել
Ազատել բառի իմաստը շատ ընդարձակ է. մեկին ազատել բանտից, գերությունից, ազատել (թողնել, լքել)
Ազատագրելը, գրեթե ազատելն է, բայց՝ պայքարով, կռվով, պատերազմով։
Ազգային — ազգայնական — ազգայնամոլ — ազգասեր
Ազգային նշանակում է ազգին, այդ ժողովրդին վերաբերող, առնչվող կամ նրան հատուկ, պատկանող։ Արևմտահայերենում գործածվում է նաև «ազգի գործերով զբաղվող անձ» նշանակությամբ։
Ազգայնականը արդեն գոյական է և իր ազգային շահերը ամենից ու ամեն ինչից վեր դասող, միաժամանակ՝ ազգային բացառիկություն ու գերազանցություն քարոզող գործչի համար։ Համարժեք է օտար նացիոնալիստ֊ին․ «Ազգայնականները միայն իրենց ազգն են աստվածատուր համարում»։ Ազգայնականի մեջ միտում կա միայն դրական բովանդակություն տեսնել՝ «ազգին ամբողջովին նվիրված», իսկ բացասական իմաստով գործածել միայն ազգայնամոլը։ Բայց ազգայնամոլ-ը գործածվել է «թունդ, մոլեռանդ ազգայնական»-ի համար և համարժեք է դիտվել օտար շովինիստ֊-ին։
Իսկ «ազգի շահերով տարված, ազգային հոգսերով խորապես ապրող», այսինքն՝ ամբողջովին դրական գործչի դեպքում գոյություն ունեն ազգասեր, ազգի նվիրյալ, ազգանվեր բառերը:
Այգաբաց-այգեբաց
Այգաբաց բառը կազմված է այգ «առավոտ» և «բաց» արմատներից, որոնք իրար են միացած ա հոդակապով: Հոմանիշներն են՝ առավոտ, լուսաբաց:
Այգեբաց բառը կազմված է այգի + ա + բաց — այգեբաց (իա-ե), այսինքն՝ խաղողի վազերը բացելը՝ հողից ազատելը:
Այլասերություն-այլասիրություն
Այլասերությունը կամ այլասերումը անբարոյականությունն է, բարքերի անկումը, բարոյական խեղվածությունը:
Այլասիրությունը դրական իմաստ ունի. ուրիշների մասին անշահախնդրաբար հոգալը և սեփական շահերը զոհաբերելու պատրաստակամություն (ալտրուիզմ):
Ավանդություն— ավանդույթ
Ավանդությունը այլ իմաստների հետ նախկինում նաը ավանդույթ՝ սովորույթ էր նշանակում։ Հիմա իմաստը ավելի սահմանափակվել է, եւ ամենից առաջ ավանդազրույց, պատմություն, հնից եկած, սերնդեսերունդ փոխանցված զրուցապատում ենք հասկանում։
Ավանդույթը նույնպես տարբերակված իմաստ է ստացել՝ սովորույթ, ընդունված կարգ տրադիցիա օտար բառի համարժեքով։ Առանձնացված նախադասության մեջ հնարավոր է երկակիություն։
Բարդություն — բարդույթ
Բարդությունը լավ գիտենք՝ դժվարություն, անհասկանալիություն, բարդ լինել է նշանակում։
Բարդույթը արդեն ընկելելու մի փոքր բարդություն ունի։ Սա նորակազմություն է, վերջին տարիներին ստեղծված բառ, որ դրվում է օտար կոմպլեքս֊ի դիմաց։ Խոսքը այն կոմպլեքս֊ի մասին է, որ գործածվում է մեկի՝ իր ուժերի ու կարողությունների նկատմամբ ունեցած ներքին անվստահությունը, կաշկանդվածությունը կամ մտավախությունը մատնանշելու համար։
Երախտիք — երախտագիտություն
Երախտիք֊ը լավ, բարի գործն է, որ մնում է ու դառնում վաստակ, բարձր գնահատության արժանի աշխատանք։
Երախտիք ունեցող անհատներին էլ կոչում են երախտավոր։
Լուծել — լուծարել
Լուծում ենք խնդիրը, հարցը։ Նույնն է՝ վճռում — իրագործում ենք որեւէ կենսական հիմնախնդիր։ Լուծել֊ը գործածվում է նաեւ տարրալուծել, անհետանալ իմաստներով:
Լուծարել֊ը լուծարքի ենթարկելն է։ Այլ խոսքով՝ վերացնելու, փակելու, ավարտելու գործընթացը, օտար բառով՝ լիկվիդացնել։

Բազմաթիվ հարանուններից (հնչումով մոտ բառեր) իրենց հակիրճ բացատրականներով բերվում են միայն այնպիսիները, որոնք կարող են իմաստային տարբերակման շփոթի տեղիք տալ։
1.Աղանդ — տվյալ եկեղեցու դավանանքից շեղվող կրոնական ուսմունք (սեկտա)։
Աղանդեր — ճաշից հետո մատուցվող քաղցրեղեն ու մրգեղեն (դեսերտ)։
2.Ականակիտ — վճիտ, մաքուր (ջրի մասին), փայլփլուն, շողշողուն։
Ականակիր — 1. Չափազանց մութ։ 2. Ականներով զինված ռազմանավ, ականանավ։
3.Ակութ — կերակուր եփելու օջախ, փոքր թոնիր։
Անութ — թեւատակի փոսը, թեւատակ։
4.Անըստգյուտ — կատարյալ, անթերի։
Անստույգ — չստուգված, ոչ հավաստի, անճիշտ։
5.Աշտանակ — ճրագակալ, մոմակալ։
Աշտարակ — բարձր ու նեղ կառուցվածք։
6.Ապիկար — անկարող, ապաշնորհ, անընդունակ։
Ապիրատ — անիրավ, անարդար, անօրեն։
7.Առասան — թոկ, պարան։
Երասան — սանձ, պախուրց։
Դրասանգ — ծաղիկներից կամ այլ բաներից պատրաստված հյուսակ, ծաղկաշղթա։
8.Աստանդական — թափառական, պանդուխտ։
Ասպնջական — հյուրընկալ, հյուրասեր։
9.Բամբիռ — ժողովրդական հնագույն նվագարան։
Բամբիշ — թագուհի, իշխանուհի։
10.Բրդել — կտոր֊կտոր անել, մանր կտրատել։
Բրթել — հրել։
11.Գիրթ — շեշտակի, կտրուկ։
Գիրգ — փափուկ, քնքուշ։
12.Դեղձան — բաց դեղնագույն, խարտյաշ։
Դերձան — կարի թել։
13.Թափոր — որեւէ տեղ ընթացող մարդկանց կամ մեքենաների բազմություն։
Թափուր — դատարկ, ազատ, չզբաղեցրած։
14.Թոծովել — անվարժ, կցկտուր խոսել, կմկմալ։
Թոծվել — թեթեւակիորեն ցնցել, շարժել, թափ տալ։
15.Թյուր — սխալ, ծուռ, խոտոր։
Թույր — գույն, երանգ։
16.Խաշամ — աշնանը ծառերից թափված տերեւներ, խազալ։
Խարամ — արտադրության ընթացքում առաջացած ավելորդ նյութեր, թափոն։
Խարան — դաջելու, խարանելու մետաղյա հարմարանք, փխբ նվաստացման հետեւանքով առաջացած ծա նր զգացում։
17.Կթղա — փոքրիկ բաժակ։
Կխտար — այծյամ, եղնիկ։
18.Կտրիճ — քաջ, արի, խիզախ։
Կտրիչ — հատիչ, կտրող բերան ունեցող գործիք։
19.Հերկել — վարել, ցանելու համար հողը շուռ տալ։
Հերքել — որեւէ բան ժխտել կամ որեւէ բանի հակառակը ապացուցել։
20.Հովատակ — արու ձի։
Հրովարտակ — թագավորի գրավոր դիմումը ժողովրդին։
21.Մախաղ — փոքրիկ տոպրակ։
Մախաթ — մեծ ասեղ։
22.Մահիկ — կիսալուսին։
Մահիճ — անկողին։
23.Մեղկ — թուլամորթ, կամազուրկ։
Մեղք — հանցանք, մեղավորություն։

Բառաձևի սխալներ
Բառաձևային և բառագործածության սխալներ հանդիպում են ոչ միայն իմ շրջապատում, այլ նաև սոցիալական մեդիայում: Կարծում եմ բոլորիս շրջապատում էլ կգտնվի անձեռնոցիկ օգտագործող, ծիծաղացնող, ներեղություն խնդրող, թույլատվություն ստացած, բալանին կորցրած և նմանատիպ այլ սխալներով խոսող մարդիկ: Բառաձևի աղավաղումները, ըստ տարածվածության աստիճանի, լինում են անհատական և ընդհանրական։ Լեզվական ամեն մի շեղում ի վերջո սկսվում է առանձին մարդկանց կողմից և հետո միայն, խոսողների ավելի ու ավելի լայն շրջանակներ ընդարձակելով, դառնում ընդհանրական:
Բառաձևի խաթարումների պատճառները բազմապիսի են։ Դրանց մի մասը պայմանավորված է առավելապես արտասանական-հնչական շեղումներով, մյուսները կարող են առաջ գալ բառակազմության կանոնների անտեսման, բառի առանձին բաղադրիչների թյուրմբռնման, քերականական ինչ֊ինչ օրինաչափությունների խախտման հետևանքով և այլն։

Առավել տարածված սխալները և դրանց ճիշտ ձևերը
Ընդհակառակ, ընդամեն — ընդհակառակը, ընդամենը
Ոչ մեկ— ոչ մեկը
Պատճե, պատճեն, պատճեներ — պատճեն, պատճենը, պատճեններ
Ֆիդային, ֆիդայիններ — ֆիդայի, ֆիդայիներ
Սպաեր, սպիեր, շտաբեր, բրենդեր — սպաներ, սպիներ, շտաբներ, բրենդներ
Որոշները — որոշ մարդիկ, որոշ իրեր
Ամենալավագույն — լավագույն
Չորսը, հինգը, վեցը, յոթը, ութը (գիրք) — չորս, հինգ, վեց, յոթ, ութ (գիրք)
Կապնվել (ինչ-որ մեկի հետ), խաբնվել — կապվել, խաբվել
Բռնվել (ինչ-որ բանից) — բռնել
Թռնել, փախնել, կպնել — թռչել, փախչել, կպչել
Փախչեցի, թռչեցի, կպչեցի — փախա, թռա, կպա
Կորեց, կորչեց — կորավ
Դառա, դառար, դառանք — դարձա, դարձար, դարձանք
Կարամ, կարաս, կարա — կարող եմ, կարող ես, կարող է
Գովալ, խոսալ, ծիծաղալ — գովել, խոսել, ծիծաղել
Խոսացնել, ծիծաղացնել, նստացնել, քնացնել — խոսեցնել, ծիծաղեցնել, նստեցնել, քնեցնել
Մոտեցրեցի, նստեցրեցիր, հասցրեցին — մոտեցրի, նստեցրիր, հասցրին
Սյունյակ, աղյուսյակ, պայուսյակ — սյունակ, աղյուսակ, պայուսակ
Հույսով եմ — հուսով եմ
Վիրաբուժ, հոգեբուժ, ակնաբուժ — վիրաբույժ, հոգեբույժ, ակնաբույժ
Ավելնորդ, կանանչի, անձեռնոցիկ — ավելորդ, կանաչի, անձեռոցիկ
Դարտակ, բալանի — դատարկ, բանալի
Դաստիրակ, գնհատել — դաստիարակ, գնահատել
Բարյացկամ, անբարյացկամ — բարյացակամ, անբարյացակամ
Ընտանեական, պատանեական, հարսանեական — ընտանեկան, պատանեկան, հարսանեկան
Թույլատվություն — թույլտվություն
Ներեղություն — ներողություն
Տարեկետում — տարկետում
Ողջյունել, ողջույնել — ողջունել
Նախագա, նախագան, նախագայի — նախագահ, նախագահը, նախագահի
Բարձրունք — բարձունք

Վերջին շրջանում շատ բառեր մուտք են գործել հայկական լրատվամիջոցներ ու տարածվել են այդ ճանապարհով:
Նոր չէ պայքարը ավելորդ ն-ի դեմ. ամանչել, կապնվել, կամանց և այլն: Բայց խոսենք մի սխալի մասին, որը վերջին շրջանում է տարածվել: Ո՞րն է ճիշտ. միևնույն է, թե՞ միևնույնն է: Դիմենք բառարաններին: Նրանք ասում են, որ միևնույն-ը նույն-ի հոմանիշն է, դրա սաստկական իմաստն արտահայտող բառ, այսինքն՝ «բոլորովին նույնը», «միանգամայն նույնը»: «Ինձ համար այդ երկուսը նույնն են»/«Ինձ համար այդ երկուսը միևնույնն են»: Այստեղ խնդիր չկա: Բայց ահա «Ինձ համար միևնույն է» («Ինձ համար մեկ է») վերաբերական արտահայտության մեջ այս միևնույն բառը ճիշտ է գրել ու արտասանել մեկ ն-ով: Նախկինում այդպես էլ արվում էր: Վերջին շրջանում է այս սխալը սողոսկել մեր խոսք:
Այս ն-ն սխալմամբ վերագրվում է նաև ինչպիսի, այսպիսի, այդպիսի, այնպիսի դերանուններին: Եթե միևնույն-ը վերոնշյալ իմաստներից մեկով կարող է վերջում երկու ն-ով գրվել, ապա այս բառերը ոչ մի պարագայում չեն կարող երկու ն ունենալ: Մինչդեռ եթերից հաճախ լսում և մամուլում կարդում ենք. «Ինչպիսի՞նն են ձեր կանխատեսումները», «Ահա այսպիսինն էր մեր այսօրվա եթերը», «Մի՞թե այդպիսինն են առաջարկները», «Պայմաններն այնպիսինն են, որ դժվար է համակերպվելը» և այլն: Ավելորդ ն-ն նշված դերանունների հոգնակիներում էլ է հայտնվում: Ահա՝ «Այդպիսինները տեղ չունեն մեր հասարակության մեջ» և այլն: Իհարկե, ճիշտ են՝ այդպիսիները, այսպիսիները… Ճիշտ են նաև ինչպիսիք, այսպիսիք, այնպիսիք ևն ձևերը:
Անցնենք հաջորդ անհարկի նորամուծությանը: Հայերենում ունենք այնքան էլ կապակցությունը, որի մեջ դերանունն անփոփոխ է: «Դու այնքան էլ չես փոխվել», «Հաղորդումն այնքան էլ հետաքրքիր չէր»: Այս նախադասություններում այնքան էլ արտահայտությունը չի կարող փոխարինվել այդքան էլ-ով: Բայց ահա, մինչ մենք կարծում էինք, թե պատահական է մեր գտած սխալը, այն սկսեց տարածվել. «Դա այդքան էլ այդպես չէ», «Տոներն այդքան էլ հեռու չեն», «Աշխատանքն այդքան էլ ծավալուն չէր» և այլն: Բոլոր օրինակներում ճիշտ է՝ այնքան էլ:
Գուցե այլ լեզուներում հոգում են ինչ-որ մեկի, ինչ-որ բանի մասին, բայց մենք՝ հայերս, հոգում ենք ոչ թե մասին, այլ համար: Այս լեզվական սխալին հանդիպելը դժվար չէ: Բավական է մի քանի րոպե նստել հեռուստացույցի առաջ: «Սրանից հետո դու պիտի հոգաս եղբորդ մասին», «Չեմ ուզում, որ իմ գործերի մասին ուրիշները հոգան»: Սա ռուսերենից եկած սխալ է (заботиться о ком-то), թե՞ հոգալ-ը շփոթվում է մտածել-ու հետ («Սրանից հետո դու պիտի մտածես եղբորդ մասին» և այլն), միևնույն է, պիտի հոգանք այն ուղղելու համար:
ԶԼՄ-ների լեզվական սխալները մեկնաբանող մեր ամփոփագրերում հաճախակի գրանցվող մի սխալ էլ կա, որը նախկինում երբեք չէր հանդիպել: Դա մենակով բառն է: Խոսակցական լեզվի ամենացածր մակարդակներից այն մտել է զանգվածային լրատվամիջոցներ, ապա ավելի լայն տարածում ստացել: Ածականի կամ մակբայի պաշտոն կրող այս բառին գործիական հոլովի վերջավորություն վերագրելը կոպիտ սխալ է: «Ես իմ գործը մենակ կանեմ»: «Բոլորը զույգերով էին, իսկ նա մենակ էր եկել»: Մոռանանք այդ սխալ մենակով-ի մասին: Վտարենք նրան հատկապես եթերից, որտեղ այն ավելի ու ավելի հաճախ է հանդիպում:
Հայերենում է տառը երբեք «հենց այնպես» չի հայտնվում բառամիջում կամ բառավերջում: Այն կա՛մ բառարմատի սկզբնատառ է, կա՛մ բառարմատ, ինչպես մանրէ բառում է: Այստեղ երկու արմատ կա՝ «մանր» և «է» (էակ): Այս է-ն արմատի վերջնատառ չէ, ուստի բառաբարդման ժամանակ չի սղվում: Բայց ահա մեր գովազդներում մանրէազերծել բառի փոխարեն հաճախ լսում ենք՝ մանրազերծել (մանրազերծված):
Եթերի ուղղախոսությանն առանձին կանդրադառնանք: Նշենք միայն, որ հատկապես եղանակի տեսության մեկնաբանները Լոռի ասելու փոխարեն ասում են Լորի, իսկ, ասենք, Արմավիրի փոխարեն՝ Առմավիռ: 8. Եվ վերջում չմոռանանք. երջանիկ բառը արտասանվում է ոչ թե երչանիկ կամ եռչանիկ, այլ այնպես, ինչպես գրվում է:

Ինչ անել, որ այդ սխալները չլինեն
1.Շատ կարդալ
Շատ բառեր սխալ ենք օգտագործում դրանց իմաստը, կամ ճիշտ տարբերակը չիմանալու պատճառով, կարծում եմ կարդալը այդ խնդրի լուծման ամենալավ տարբերակն է: Համատեղենք հետաքրքիրը օգտակարի հետ:
2. Փորձել հնարավորինս շատ շփվել գրագետ մարդկանց հետ
Մարդու խոսքի ձևավորման մեջ հիմնական դեր է խաղում նրա շփումը շրջապատի մարդկանց հետ, այսպիսով գրագետ մարդուց կսովորենք նաև գրագետ խոսք:
3. Դիտել այնպիսի ֆիլմեր, որոնք չեն պարունակում նմանատիպ սխալներ
Կարդալ չսիրողների համար կա այսպիսի մի տարբերակ
4. Խոսել գրական հայերենով
Կարծում եմ շատերը անգամ իմանալով օրինակ սմետան բառի գրական, հայերեն տարբերակը, մեկ է օգտագործում են այս տարբերակը, որովհետև դրան են սովոր, սովորենք գրական հայերենին:

Հղումներ ՝ 1,2,3,4,5



1 Comments Add yours

Թողնել մեկնաբանություն